«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Ինչպես հաղորդում է Globo Esporte-ն, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել 34-ամյա կիսապաշտպանի հետ՝ ամառային տրանսֆերի հնարավորությունը քննարկելու նպատակով։ Սակայն Կազեմիրոն իրենով հետաքրքրված ակումբներին տեղեկացրել է, որ ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի միայն առաջիկա ամռանը կայանալիք աշխարհի առաջնության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2022 թվականին Մադրիդի «Ռեալից»՝ 70 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ չի պատրաստվում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն մանկունիացիների կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։


























































