Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» դարպասապահ Ալեքս Ռեմիրոյի ծառայություններով: Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Կամպ Նոու» կարող է կայանալ արդեն գալիք ամռանը: Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ օրեր առաջ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հանդիպել է 30-ամյա խաղացողի գործակալի հետ՝ քննարկելու ամառային տրանսֆերի հնարավորությունն ու մանրամասները: Կատալոնական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Ռեմիրոն կարող է բարձրակարգ մրցակցություն ապահովել Ժոան Գարսիայի համար:
Քանի որ դարպասապահի գործող պայմանագիրը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, «կապտանռնագույնները» հույս ունեն գործարքն իրականացնել շահավետ ֆինանսական պայմաններով: Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 14 միլիոն եվրո:
Հատկանշական է, որ Ալեքս Ռեմիրոն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Իսպանիայում: Նա «Ռեալ Սոսյեդադին» է միացել 2019 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ տեղափոխվելով Բիլբաոյի «Ատլետիկից»:
Այս տարիների ընթացքում Ռեմիրոն դարձել է «Սոսյեդադի» առանցքային խաղացողներից մեկը՝ թիմի մարզաշապիկով անցկացնելով 301 հանդիպում: Նրա ակտիվում կա նաև երկու հանդիպում Իսպանիայի ազգային հավաքականի կազմում:


























































