Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն համարվում է անգլիական «Լիվերպուլը» գլխավորելու հիմնական թեկնածուն։ Մերսիսայդյան ակումբի ղեկավարությունն այս պահին լրջորեն դիտարկում է հոլանդացի մասնագետ Առնե Սլոթին պաշտոնանկ անելու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է հեղինակավոր TeamTalk-ը, իսպանացի մասնագետն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ 2026/27 մրցաշրջանին ընդառաջ թիմն էական համալրման կարիք ունի:
Ալոնսոն պատրաստ է փոխարինել Սլոթին միայն այն դեպքում, եթե «Լիվերպուլն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնի երեք առանցքային նորեկների տեղափոխություն՝ միաժամանակ ուժեղացնելով պաշտպանական, կիսապաշտպանական և հարձակման գծերը։
Իսպանացի մարզչի պահանջած ֆուտբոլիստների ցանկում են.
- Ալեսանդրո Բաստոնին («Ինտեր»)
- Ադամ Ուորտոնը («Քրիստալ Փելաս»)
- Բրեդլի Բարկոլյան (ՊՍԺ)
Սպասվում է, որ այս երեք տրանսֆերների իրագործումը «Լիվերպուլի» համար կարժենա ավելի քան 250 միլիոն եվրո:
Ինչպիսի՞ն է իրավիճակը «Լիվերպուլում» այս պահին
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սլոթի գլխավորած թիմը 30 տուրից հետո վաստակել է 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատարից հետ մնալով 21 միավորով:
Չնայած ներքին առաջնությունում գրանցած անկայուն արդյունքներին՝ մերսիսայդցիները շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում, որտեղ քառորդ եզրափակիչում մրցելու են գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ:




























































