«Ռոմայի» կիսապաշտպան Նիլ Էլ Այնաուին և նրա ընտանիքն Իտալիայի մայրաքաղաքում դարձել են զինված հարձակման և կողոպուտի զոհ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Կաստել Ֆուզանո շրջանում՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում։ Սևազգեստ, դիմակավորված և ատրճանակներով զինված վեց հոգանոց հանցախումբը ներխուժել է ֆուտբոլիստի առանձնատուն՝ ապամոնտաժելով հյուրասենյակի պատուհանի ճաղավանդակը։
Չարագործները 24-ամյա ֆուտբոլիստին, նրա մորը, ընկերուհուն, ինչպես նաև Էլ Այնաուիի եղբորն ու նրա ընկերուհուն փակել են սենյակներից մեկում, որից հետո հափշտակել են մոտ 10 հազար եվրո արժողությամբ զարդեր, Rolex ապրանքանիշի ժամացույց և դիզայներական պայուսակներ։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է իրականացնում դեպքի առթիվ։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էլ Այնաուին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































