Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ-23 Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է համալրել իր մեդալների պաշարը։
77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 19-ամյա Սամվել Տերտերյանը դարձավ մայրցամաքային ստուգատեսի արծաթե մեդալակիր։ Եզրափակիչ գոտեմարտն անցավ չափազանց լարված և համառ պայքարում։ Հայ ըմբիշի և Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Գրիգորևի դիմակայությունն ավարտվեց 1-1 հաշվով, սակայն առաջին արդյունավետ գործողության կանոնի համաձայն՝ հաղթանակը շնորհվեց մրցակցին, իսկ Տերտերյանը կանգնեց պատվո հարթակի երկրորդ աստիճանին։
Հայաստանի երիտասարդական հավաքականի համար այս մրցումային օրը ևս մեկ մեդալով է նշանավորվել. 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը հաջողությամբ է ավարտել իր ելույթները՝ նվաճելով բրոնզե մեդալ։



























































