Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի և ապաքինման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը բավականին հակասական է։
Ինչպես հաղորդում է Footmercato-ն՝ հղում անելով Cadena SER-ին, ֆրանսիացի աստղը կորցրել է վստահությունն ակումբի բժշկական շտաբի նկատմամբ։ Աղբյուրի տվյալներով՝ Մբապեն հակված էր դուրս չգալ խաղադաշտ այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չբուժեր ձախ ծնկի կապանների վնասվածքը, որն իրեն անհանգստացնում է դեռևս դեկտեմբերից։ Խնդիրն այնքան լուրջ է եղել, որ հարձակվողը նույնիսկ հատուկ մեկնել էր Փարիզ՝ տեղի մասնագետների հետ անհատական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Այնուամենայնիվ, չնայած բժիշկների հետ ունեցած հնարավոր տարաձայնություններին, հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մբապեն արդեն վերադարձել է թիմի ընդհանուր մարզումներին: Սա տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում սպասվող կարևորագույն դիմակայությանն ընդառաջ․ հիշեցնենք, որ մարտի 11-ին մադրիդցիները սեփական հարկի տակ կընդունեն անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































