Անգլիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թեո Ուոլքոթը ուշագրավ տեսակետ է հայտնել՝ նշելով, որ Մադրիդի «Ռեալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու դեպքում կբավարարվեր ընդամենը 8-րդ հորիզոնականով։
«Ունեմ այն զգացողությունը, որ նրանք լուրջ խնդիրների կբախվեին «Քրիսթալ Փելասի» կամ «Լիդսի» դաշտերում, ինչպես նաև «Սեյնթ Ջեյմս Պարկում»։ Եղանակային պայմանները նույնպես իրենց դերը կխաղային»,- նշել է Ուոլքոթը Prime Video Sport UK-ի էջում հրապարակված տեսանյութում։
Նախկին ֆուտբոլիստը հավելել է, որ գիտակցում է՝ մադրիդյան ակումբի շատ երկրպագուների այս պատասխանն ամենևին դուր չի գա։
«Սակայն ես կարծում եմ, որ կան թիմեր, որոնք շատ ավելի պատրաստ են Պրեմիեր լիգային։ Չեմ կարծում, թե «Ռեալը» կլիներ այդ թիմերից մեկը»,- ընդգծել է նա։
Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ առաջնության 24 տուրերից հետո «Ռեալը» ունի 60 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։























































