«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը բարձր է գնահատել իր հայրենակցի՝ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի խաղային որակներն ու ներուժը։
«Սպերցյանն անցել է ակումբային զարգացման բոլոր փուլերը՝ սկսած պատանեկան ֆուտբոլից մինչև դառնալով թիմի առաջատարներից և «Կրասնոդարին» առաջնորդելով չեմպիոնության։ Էդուարդն ակումբի խորհրդանիշներից է, նրան սիրում է ամբողջ քաղաքը։ Այս ամենին նա հասել է բացառապես իր աշխատասիրության շնորհիվ և լիովին արժանի է դրան։ Թող «Կրասնոդարը» ուրախանա, իսկ ինքը՝ Սպերցյանը, վայելի այդ հաջողությունը»։
Խոսելով Սպերցյանի ապագայի մասին՝ Բայրամյանն ընդգծել է, որ 25-ամյա կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն, սակայն միայն արժանի առաջարկի դեպքում։
«Նա Իսպանիայի կամ Իտալիայի առաջնությունների մրցաշարային աղյուսակի 9–10-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերի խաղացող չէ։ Նրան պետք է ավելի բարձր մակարդակ՝ լավագույն հնգյակ։ Եթե ոչ «Միլան» կամ «Ինտեր», ապա գոնե «Լացիո»։ Ես նրան համարում եմ հենց այդ մակարդակի ֆուտբոլիստ», – ասել է Բայրամյանը Чемпионат-ի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «ցուլերի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։


























































