Մադրիդի «Ռեալի» ներսում տիրող լարվածության և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի պաշտոնանկության պատճառների վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել։ Հեղինակավոր Marca պարբերականի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են եղել իսպանացի մասնագետի մարզչական մեթոդներից՝ դրանք համարելով չափազանց ծանրաբեռնված տակտիկական հրահանգներով։
Ըստ աղբյուրի՝ խաղացողները դժվարացել են մարսել տեղեկատվության այն ահռելի ծավալը, որը մարզչական շտաբը փորձել է փոխանցել նրանց։ Ալոնսոյի մանրակրկիտ և խիստ մոտեցումը տարածվել է նաև նրա օգնականների, մասնավորապես՝ Սեբաս Պարիլյայի վրա։ Ֆուտբոլիստների համար անհարմարավետ է եղել այն փաստը, որ չափազանց շատ մարդիկ են միաժամանակ ցուցումներ տալիս՝ ստեղծելով ավելորդ աղմուկ և լարվածություն։ Արդյունքում՝ թիմի առօրյա աշխատանքային մթնոլորտը որակվել է որպես ոչ առողջ։
Հաղորդվում է, որ Ալոնսոն մինչև վերջին պահը փորձել է թիմին պարտադրել խաղի իր տեսլականը՝ ցանկանալով արագացնել նոր գաղափարների ինտեգրման գործընթացը։ Սակայն մարզիչը գիտակցել է, որ թիմը չի հասցնում լիարժեքորեն յուրացնել և կյանքի կոչել իր պահանջները։ Այս հապճեպությունը և նոր կոնցեպտների բարդությունը թիմին մատնել են շփոթության։ Ստեղծվել է երկուստեք դժգոհության իրավիճակ․ Ալոնսոն հիասթափված էր ֆուտբոլիստների կատարողականից, իսկ ֆուտբոլիստները՝ Ալոնսոյի մոտեցումներից։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն «Ռեալի» ղեկը ստանձնել էր անցած ամառ։ Երկուշաբթի՝ հունվարի 12-ին, ակումբը պաշտոնապես հայտարարեց իսպանացի մասնագետի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։
























































