Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հաստատել է, որ արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ավարտում է իր կարիերան ազգային թիմի կազմում։
«Մինչև իմ գալը Լուկասը ցանկանում էր ավարտել իր կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի նրա կարիքը։
Իռլանդիայի դեմ խաղից առաջ նա ասաց, որ ունի ընտանեկան խնդիրներ և այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար»,– Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 33-ամյա Սելարայանը Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշել էր 2021 թվականին։ Ազգային թիմի կազմում Լուկասը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։




























































