Խորվաթական «Ռիեկայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսն ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի մեկնարկային տուրի՝ «Նոայի» հետ խաղից առաջ խոսել է իր թիմի նպատակների մասին։
«Մենք սկսում ենք մեր եվրոպական ճանապարհը, որը մեծ բեմ է և մոտիվացիայի աղբյուր բոլորի՝ խաղացողների, երկրպագուների և ակումբի համար: Մենք առավելագույնս մոտիվացված ենք և վստահ, որ կարող ենք Կոնֆերենցիաների լիգան սկսել լավագույն կերպով:
Հայաստան ենք մեկնում՝ նպատակ ունենալով հաղթել ուժեղ մրցակցին, որն ունի որակյալ խաղացողներ: Սպասվում է դժվար խաղ, սակայն մենք պատրաստվում ենք խաղալ առավելագույն նվիրվածությամբ, օգտագործել հակառակորդի թույլ կողմերը և ընդգծել մեր առավելությունները՝ լավ արդյունքի հասնելու համար:
«Նոան» թիմ է, որը սովոր է խաղալ այնպիսի դաշտում, որտեղ հաճախ քամի է լինում, և նրանք օգտագործում են դա խաղի ընթացքում՝ շարժումներում և ստանդարտ իրավիճակներում: Նրանք սիրում են խաղալ գնդակով, ունեն որակյալ խաղացողներ, հաճախ կիրառում են երկար փոխանցումներ, հատկապես քամու առկայության դեպքում: Խաղում են 4-3-3 սխեմայով՝ հարձակողական եզրերով և հենակետային կիսապաշտպանով:
Մենք մանրակրկիտ վերլուծել ենք մրցակցին և այդ վերլուծության հիման վրա կպատրաստենք պաշտպանական խաղը՝ չեզոքացնելու նրանց ուժեղ կողմերը: Հարձակման ժամանակ կփնտրենք հնարավորություններ՝ վտանգելու նրանց դարպասը և գոլային պահեր ստեղծելու համար: Հաղթանակի բանալին հենց դա է: Վստահ եմ, որ կստեղծենք բազմաթիվ պահեր և կկարողանանք իրացնել դրանցից մի քանիսը»,- Սանչեսի խոսքն է մեջբերում խորվաթական ակումբի պաշտոնական կայքը։




























































