Իսպանացի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Սեննան խոսել է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամինե Յամալի մասին։
18-ամյա ֆուտբոլիստը համարվում էր «Ոսկե գնդակը» հաղթելու հիմնական հավակնորդ, սակայն մրցանակը բաժին հասավ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։ Յամալը քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը։
«Լամինը պետք է հանգիստ մնա։ Կարծում եմ՝ նա հաջորդ տարի կնվաճի «Ոսկե գնդակը»։ Նա ապագայում շատ «Ոսկե գնդակներ» կունենա»,– 2008 թվականի Եվրոպայի չեմպիոնի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։



























































