Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնը» բանակցություններ է վարում «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ։
Metaratings.ru-ի տեղեկություններով՝ «Սաութհեմփթոնը» Էդուարդ Սպերցյանին առաջարկել է նախնական անձնական պայմանագիր։ Կողմերը քննարկում են պայմանագրի մանրամասները, սակայն ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել Անգլիա տեղափոխվելու վերաբերյալ։
Հայտնի է, որ տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլ Ստիլը, որը դեռ մեկ տարի առաջ՝ «Լանսի» գլխավոր մարզիչ լինելու ընթացքում, ցանկանում էր ձեռք բերել հայ կիսապաշտպանին։ Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի ամռանը «Լանսը» և «Կրասնոդարը» չեն հասել համաձայնության տրանսֆերի գումարի հարցում։
Բանակցությունները ներկայում գտնվում են առաջադեմ փուլում։ Ավելի վաղ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ին տված հարցազրույցում նշել էր, որ «Սաութհեմփթոնը» պատրաստ է հայ ֆուտբոլիստին դարձնել իրենց նախագծի առանցքային դեմքերից մեկը։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ «Ցուլերի» կազմում նա անցկացրել է 148 հանդիպում, խփել 45 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt պորտալի՝ նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։


























































