«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև ՖԻՖԱ-ին պաշտոնական առաջարկ դեռ չի ներկայացվել, մի շարք ակումբների ղեկավարներ արդեն քննարկել են այդ հնարավորությունը կազմակերպության ներկայացուցիչների հետ։
ՖԻՖԱ-ն գոհ է վերջերս ավարտված մրցաշարի արդյունքներից, սակայն նշում է, որ այն երկու տարին մեկ անցկացնելն այս պահին անհնար է։ Վերջին մրցաշարի ընթացքում մասնակից ակումբների միջև բաժանվել է 1 միլիարդ դոլար, սակայն ՖԻՖԱ-ն կարծում է, որ նման գումար հավաքելը յուրաքանչյուր երկու տարին մեկ հնարավոր չէ։
Բացի այդ, ՖԻՖԱ-ն գտնում է, որ նման որոշումը կարող է հակասություն առաջացնել ՈւԵՖԱ-ի հետ, ինչը չի բխում կազմակերպության շահերից։ Վերահսկող մարմինը նաև մատնանշում է միջազգային ֆուտբոլային օրացույցի բարդությունը։
Ներկայում ՖԻՖԱ-ն պատրաստվում է հաջորդ Աշխարհի ակումբային առաջնությանը, որը նախատեսվում է անցկացնել 2029 թվականին։ Կատարը համարվում է մրցաշարի անցկացման հավանական վայրերից մեկը։
























































