Ալվարո Կարերասը պաշտոնապես դարձել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Ներկայացման արարողությունը տեղի է ունեցել ակումբի մարզաբազայում՝ Real Madrid City-ում։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ Կարերասը «մերոնցից է»՝ «Ռեալի» համակարգում մեծացած խաղացող, ով դարձել է Եվրոպայի լավագույն պաշտպաններից մեկը։ Նա հիշեցրել է, որ Կարերասը միացել է ակումբին 2017 թվականին՝ 14 տարեկանում, և այստեղ անցկացրել է երեք տարի։
Կարերասը շնորհակալություն է հայտնել ակումբին վստահության և վերադառնալու հնարավորության համար.
«Ես հեռացել էի որպես տղա, բայց վերադարձա որպես տղամարդ։ Հպարտ եմ կրկին կրելու այս մարզաշապիկը։ Խոստանում եմ անել հնարավորը թիմի համար և միասին հաղթանակներ տանել։ Hala Madrid!»։
Նա հավելել է, որ պատրաստ է նոր մարտահրավերների և անհամբեր սպասում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում խաղալուն։
Ֆուտբոլիստը նշել է, որ ներշնչվել է Մարսելոյի խաղով և ընդգծել պայքարի, նվիրվածության և հաղթանակի ձգտման կարևորությունը։
























































