«Լիվերպուլի» երկրպագուները հավաքվել են ակումբի «Էնֆիլդ» մարզադաշտի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ավտովթարի հետևանքով զոհված թիմի հարձակվող Դիոգու Ժոտայի հիշատակին։
Այսօր՝ հուլիսի 3-ին հայտնի դարձավ, որ Դիոգու Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, ով հանդես էր գալիս Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի «Պենաֆիել» ակումբում, զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկրպագուները ծաղիկներ, մոմեր և ակումբի խորհրդանիշերով իրեր տեղադրում մարզադաշտի մոտ՝ ի հիշատակ ֆուտբոլիստի։

Դիոգու Ժոտան 28 տարեկան էր։ 2020 թվականից նա հանդես էր գալիս «Լիվերպուլում» և թիմի կազմում անցկացրել է 182 հանդիպում՝ նվաճելով երեք տիտղոս։ Մինչ այդ նա խաղացել է «Վուլվերհեմփթոնում», «Պորտուում», Մադրիդի «Ատլետիկոյում» և «Պասուշ դե Ֆերեյրայում»։
Անցած մրցաշրջանում Դիոգու Ժոտան Անգլիայի չեմպիոն դարձավ «Լիվերպուլի» կազմում, իսկ հունիսին երկրորդ անգամ նվաճեց Ազգերի լիգայի տիտղոսը Պորտուգալիայի հավաքականի կազմում։



























































