Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի և «Պենաֆիել» ակումբում հանդես եկող նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի ողբերգական մահվան կապակցությամբ։
Այսօր՝ հուլիսի 3-ին, հայտնի դարձավ, որ Դիոգու Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
«Խորապես ցնցված եմ Դիոգո Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի ողբերգական մահվան լուրով։ Դիոգուն ընդամենը 28 տարեկանում փայլուն կարիերա էր կառուցել, և նրա առջև դեռ մեծ հեռանկարներ էին սպասվում։ Իսկ Անդրեն հաջողությամբ հանդես էր գալիս «Պենաֆիել» ակումբում։ Նրանց կարոտելու են ոչ միայն մտերիմները, այլև ամբողջ ֆուտբոլային աշխարհը։
ՖԻՖԱ-ի և ֆուտբոլային ընտանիքի անունից խորին ցավակցություն եմ հայտնում նրանց ընտանիքներին, «Լիվերպուլ» և «Պենաֆիել» ակումբներին, ինչպես նաև Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Թող նրանք հանգչեն խաղաղությամբ», – նշել է Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության միջոցով։
Եվրոպական ֆուտբոլային միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նույնպես ցավակցություն է հայտնել։
«Երեք շաբաթ առաջ պատիվ ունեցա Դիոգու Ժոտային մեդալ հանձնել Ազգերի լիգայի եզրափակչից հետո՝ ուրախության, հպարտության և հաղթանակի պահ, որն այժմ խոր վշտով է հիշվելու։ Նրա կրակոտ խաղը, էներգիան և ոգին ոգեշնչում էին բոլորին։ Անհավանական է ընկալել, որ այդքան կենսուրախ և ներուժով լի կյանքն այսքան վաղ ընդհատվեց։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Դիոգու։ Դու միշտ կմնաս մեր հիշողություններում», – ասված է Չեֆերինի հայտարարությունում։
Դիոգո Ժոտան 28 տարեկան էր։ Նա Անգլիայի չեմպիոն է, Անգլիայի Գավաթի և Լիգայի գավաթի դափնեկիր՝ «Լիվերպուլի» կազմում, ինչպես նաև Ազգերի լիգայի կրկնակի հաղթող՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։