Ֆիլադելֆիայում ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրում «Զալցբուրգի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» բախվել է լոգիստիկ խնդիրների:
COPE-ի և Goal-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբը խիստ դժգոհ է Պալմ Բիչի հյուրանոց վերադառնալու չվերթի կազմակերպումից: ՖԻՖԱ-ի պատասխանատվության տակ գտնվող լոգիստիկ աշխատանքները՝ մարզադաշտից տեղափոխումից մինչև ինքնաթիռ նստելը, վերածվել են մի քանի ժամ տևած խառնաշփոթի: Խաղացողները մարզադաշտից ավտոբուսներով տեղափոխվել են օդանավակայան, որտեղ սպասել են մի քանի ժամ և հյուրանոց են հասել միայն առավոտյան ժամը 5-ին՝ ավելի քան վեց ժամ տևած ճանապարհորդությունից հետո:
«Արքայական» ակումբում մտահոգված են, որ այս խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ «Յուվենտուսի» դեմ 1/8-րդ եզրափակչի (հուլիսի 1, Մայամի) նախապատրաստության վրա: Ակումբի ղեկավարությունը վրդովված է, քանի որ ՖԻՖԱ-ն չի կարողացել ապահովել հարմարավետ պայմաններ՝ չնայած մրցաշարի մասշտաբներին և մասնակիցների կարգավիճակին:
























































