Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը դժգոհություն է հայտնել շոգ եղանակից՝ Ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլում «Մամելոդի Սանդաունսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:
F խմբի հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում և ավարտվել է 4:3 հաշվով՝ ի օգուտ «Բորուսիայի»: Գերմանական թիմի կազմում գոլեր են խփել Ֆելիքս Նմեչան, Սերու Գիրասին և Ջուդ Բելինգհեմը: Բացի այդ, հարավաֆրիկյան թիմի խաղացող Խուլիսո Մուդաուն ինքնագոլ է գրանցել: «Մամելոդի Սանդաունսի» կազմում աչքի են ընկել Լուկաս Ռիբեյրոն, Իքրաամ Ռեյներսը և Լեբո Մոտիբան:
– Ես այնքան էի քրտնել, կարծես հենց նոր սաունայից դուրս եկած լինեի: Երկու թիմերի համար էլ խաղը բարդ էր, բայց մրցակիցը նման պայմաններին ավելի սովոր է: Մենք, իհարկե, մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, քանի որ դա պարզապես անհնար էր: Շատ պարզ սխալներ թույլ տվեցինք, խաղի ընթացքը սահուն չէր: Կարևորն այն է, որ հաղթեցինք: Մնացածը կարևոր չէ, – ասել է Կովաչը, ում խոսքերը մեջբերել է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:
«Ֆլումինենսեն» և «Բորուսիան» F խմբում վաստակել են չորսական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականները: «Մամելոդի Սանդաունսը» երեք միավորով երրորդն է, իսկ կորեական «Ուլսանը»՝ առանց միավորի, չորրորդ տեղում է:
Խմբի վերջին տուրում «Ֆլումինենսեն» կմրցի «Մամելոդի Սանդաունսի» հետ, իսկ «Բորուսիան»՝ «Ուլսանի»: