Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը վերջնական որոշում է կայացրել հաջորդ ամռանը «Լիվերպուլ» տեղափոխվելու վերաբերյալ՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Առնե Սլոթի հետ անձնական զրույցից հետո։ Այս մասին հաղորդում է Kicker-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստն արդեն մերժել է «Բավարիային», որը հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Ընդգծվում է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին նույնպես խոսել է Վիրցի հետ, սակայն նա հակված է տեղափոխվել «Լիվերպուլ»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Լիվերպուլը» պատրաստ է 22-ամյա կիսապաշտպանի համար վճարել 150 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։