Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայրսար Սայտիևի անժամանակ մահվանը: Վերջինս երեկ՝ 49 տարեկանում, հեռացել է կյանքից։Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։
«Առաջին անգամ հանդիպեցի Բուվայսարին 2004թ. Ալուշտայում՝ հայտնի «Սպարտակ» մարզաբազայում, հավաքների ընթացքում։ Ռուսաստանի հավաքականը պատրաստվում էր Աթենքի Օլիմպիական խաղերին: Ես էլ նոր էի հաղթել պատանիների Եվրոպայի առաջնությունը և մեկնել էի այնտեղ՝ վերականգնման։ Ավելի ուշ պետք է միանար նաև Հայաստանի ազգային հավաքականը…
ինչ այդ հանդիպել և շփվել էի հունահռոմեական ոճի բազմաթիվ մեծագույն մարզիկների հետ, կարելի է ասել՝ մեծացել նրանց հետ։ Բայց ազատ ոճայիններին կարելի էր տեսնել հիմնականում տեսաժապավեններով. այն ժամանակ դեռ ինտերնետ չկար…
Թեև զբաղվում էի հունահռոմեական ոճով, դեռ մանկուց հիանում էի Բուվայսարի գոտեմարտերով և հնարավորության դեպքում փորձում էի գտնել նրա գոտեմարտերի տեսագրությունները, ինչը շատ դժվար էր այն տարիներին։
Եվ պատկերացրեք այդ պահը. 17 տարեկան երիտասարդին հնարավորություն է ընձեռվում անձամբ հանդիպելու նրան, զրուցելու հետը և նույնիսկ միասին մարզվելու։ Խնդրեցի լեգենդար մարզիչ Դմիտրի Մենդիաշվիլիին՝ թույլտվություն, մարզվելու հավաքականի հետ, և ի ուրախություն ինձ՝ նա համաձայնեց։ Չեմ կարող բառերով փոխանցել այն երջանկությունը, որ զգացի, երբ Բուվայսարը չմերժեց և ինձ զույգ վերցրեց։ Բացի նրանից, որ տարիքով էի շատ փոքր, մի բան էլ ըմբշամարտի այլ ոճից էի…
Այդ պահից սկսած, ամբողջ հավաքի ընթացքում բաց չէի թողնում ոչ մի հնարավորություն շփվելու նրա հետ՝ լինի դա գորգի վրա, մարզումից հետո, թե երեկոյան զբոսանքի ժամանակ։
Այդ տարիքում ամենաշատն ինձ զարմացրեց, և հավերժ կմնա հիշողությանս մեջ նրա վերաբերմունքը շրջապատի մարդկանց հանդեպ։ Բուվայսարն արդեն Օլիմպիական չեմպիոն էր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, մեր մեջ 12 տարվա տարբերություն կար, բայց նա նույն հարգանքով ու պարզությամբ էր շփվում բոլորի հետ՝ թե՛ մեծագույն մարզիկների, թե՛ պատանի ըմբիշների։ Նրա խորհուրդները, նրա շփման ոճը մեծ տպավորություն թողեցին։ Վստահ կարող եմ ասել, որ շատ քիչ մարզիկներ են այդքան երիտասարդ տարիքում հասնում նման իմաստության։
Նա այն մարզիկերից էր, ով ըմբշամարտը բարձրացրեց լրիվ նոր մակարդակի և այդ գեղեցիկ մարզաձևն ավելի ճանաչելի, դիտարժան ու սիրելի դարձրեց։
Մի քանի ժամ առաջ ստացա սարսափելի լուր։ Անհավատալի է, որ այժմ պետք է խոսենք նրա մասին անցյալով։ Բայց Աստծո գործերն անքննելի են: Ընտանիքիս և ամբողջ ըմբշամարտի աշխարհի անունից խորին ցավակցությունս եմ հայտնում Բուվայսարի ընտանիքին և հարազատներին։
Հանգչիր խաղաղությամբ լեգենդ»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը:
Սայտիևը համարվում է ազատ ոճի ըմբշամարտի մեծագույն մարզիկներից մեկը։ Նա երեք անգամ դարձել է օլիմպիական (1996, 2004, 2008) չեմպին, ինչպես նաև վեց անգամ՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։