«Բարսելոնայի» լեգենդ Անդրես Ինյեստան հայտարարել է կարիերան ավարտելու մասին, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնել ակումբին և ղեկավարությանը։
«Ես հպարտ եմ այս ամբողջ ճանապարհով, բոլոր այն մարդկանցով, ովքեր ուղեկցել են ինձ։ Երջանիկ եմ, որ կատարեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու իմ երազանքը, սա այն է, ինչ ամենաշատն էի ցանկանում։ Ես ապրել եմ լավագույն կյանքով, որը կարելի է ապրել կարիերայի մեջ, մի պատմություն, որը սկսվել է Ֆուենտալբիլայում, ապա՝ Ալբասետեում՝ իմ հայրենիքում: Իմ կյանքում երկու ակումբ է եղել՝ «Ալբասետեն» և «Բարսելոնան»»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB-ն իր էջում X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Ինյեստան խաղացել է ոչ միայն «Բարսելոնայի», այլ նաև «Վիսել Կոբեի», «Էմիրեյթսի» և «Ալբասետեի» կազմում։ Կատալոնական ակումբի կազմում կիսապաշտպանը չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ 9 անգամ՝ Իսպանիայի առաջնությունում։