Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ֆրանսիացի 29-ամյա կիսապաշտպանը «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալ է և կարող է պայմանագիր կնքել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո: «Բարսելոնայում» Ռաբիոյին համարում են կիսապաշտպանությունում իրենց խնդիրների լուծումը. Գավին, Բերնալը և Ֆրենկի դե Յոնգը բացակայում են վնասվածքների պատճառով:
Ֆուտբոլիստի կողմը պահանջում է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ Այդ իսկ պատճառով նա դեռևս առանց ակումբի է։ Հիշեցնենք, որ ամռանը կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Գալաթասարայը», «Ինտերը», «Բավարիան», «Ռեալը» և «Ալ-Նասրը»: Սակայն այս թիմերից ոչ մեկը դեռևս չի կարողացել համաձայնության գալ նրա պայմանագրի շուրջ։
Իտալական Ա Սերիայի նախորդ մրցարջանում ֆուտբոլիստը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։