Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը WhatsApp-ում հաղորդագրություն է հրապարակել, որում տարակուսանք է հայտնել «Լոս Բլանկոսի» եռյակից իրեն հեռացնելու կապակցությամբ։ Ավելի ուշ 23-ամյա ֆուտբոլիստը ջնջել է գրառումը, սակայն The Athletic-ը հաստատել է, որ այդ հաղորդագրությունն իսկապես գոյություն ունի:
«Հեյ, տղաներ: Երեկվա արդյունքը մեր ուզածը չէր։ Լա Լիգայում յուրաքանչյուր միավոր կարևոր է։ Գոհ եմ գոլից և թիմի առաջընթացից: Անցյալ շաբաթ նրանք խոսում էին Բելինգհեմի, Մբապեի և Վինիսիուսի եռյակի մասին, սակայն պետք է R տառը ավելացնեն, որը կնշանակի Ռոդրիգո։
Մենք ունենք հարձակվողական քառյակ և մնացած թիմը: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն նշանակությունը խաղերում և իր արժեքը ցույց կտա տարբեր մրցաշարերում, որոնց մենք մասնակցելու ենք։ Շաբաթը հագեցած կլինի քրտնաջան աշխատանքով մինչև հաջորդ հանդիպումը «Բեռնաբեուում»»,- ասվում է հաղորդագրության մեջ: