Մադրիդի «Ռեալի» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) պատմական նվաճման է հասել «Արքայական» ակումբի կազմում։
Խորվաթ կիսապաշտպանը դարձել է «Սերուցքայինների» հետ երբևէ ամենաշատ տիտղոս նվաճած խաղացողը՝ 27 տիտղոս։ Երկրորդ տեղում Դանի Կարվախալն ու «Ռեալի» նախկին ավագ Նաչոն են, որոնք ունեն 26-ական գավաթ: Նրանց հաջորդում են թիմի նախկին խաղացողներ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ու բրազիլացի պաշտպան Մարսելոն՝ 25-ական տիտղոսով։
Նշենք, որ Մոդրիչը մադրիդյան գարանդի կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը փորձառու խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։