Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, բացի «Սենթ Լուիս Սիթիից», գրավել է նաև ամերիկյան «Ինտեր Մայամիի» և արաբական «Ալ Նասրի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Sky Sport Deutschland-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ռոյսով հետաքրքրված բազմաթիվ ակումբներից սրանք այն ակումբներն են, որոնք աչքի են ընկնում։ Միաժամանակ, ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Թուրքիայի Սուպերլիգայի թիմերից։ Այնուամենայնիվ, Ռոյսը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, քանի որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ռեալի» հետ խաղի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան» ազատ գործակալի կարգավիճակով։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել ութ գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։
Համաձայն Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալի տվյալների՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 7 միլիոն եվրո: Դորտմունդյան ակումբի հետ միասին Ռոյսը երկու անգամ հաղթել է Գերմանիայի գավաթը և երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը։
























































