Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է թիմի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականին միանալու հնարավորությունը մարտին կայանալիք ընկերական խաղերի համար։
Զախարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» վերջին խաղը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ (1:2) Չեմպիոնների լիգայում։
— Կկարողանա՞ Զախարյանը միանալ Ռուսաստանի հավաքականին։ Ի՞նչ վիճակում է նա։
— Արսենն այսօր ընդհանուր խմբի հետ չի աշխատել։ Սպասենք նրա ապաքինմանը,- «ВсеПроСпорт»-ին հայտնել են «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի հավաքականն իր առաջիկա հանդիպումները կանցկացնի Մոսկվայում՝ Սերբիայի (մարտի 21) և Պարագվայի (մարտի 25) հավաքականների հետ։