Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում, որը նախապատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին, հերթական հարկադրված փոփոխությունն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, գերմանական «Նյուրնբերգի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը չի կարողանա միանալ ազգային թիմին։ Ակումբի կազմում իր վերջին մարզման ժամանակ ֆուտբոլիստին կրկին զգացնել է տվել նախկինում ստացած վնասվածքը։
Նրա փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի որոշմամբ ազգային թիմ է հրավիրվել ԲԿՄԱ-ի պաշտպան Արգիշտի Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով ավելի վաղ հրապարակված հայտացուցակից բացակայում էին նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնց թվում են Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Հովհաննես Հարությունյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ու Կամո Հովհաննիսյանը, իսկ օրեր առաջ հայտնի էր դարձել նաև Էդգար Գրիգորյանի վնասվածքի և նրան Խարիտոն Այվազյանով փոխարինելու մասին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիային, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։ Հոկտեմբերի 2-ին մեր ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Կիպրոսի հետ, իսկ 3 օր անց կհյուրընկալվի Չեռնոգորիային։



























































