«Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանն արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի խոսքերին, որն ասել է, որ ակումբը սխալ է օգտագործում երկու մարզիչների սան՝ կիսապաշտպան Էդգար Սևիկյանին։ Հիշեցնենք, որ Պետրակովը սխալ էր համարել Սևիկյանին կենտրոնական հարձակվողի դիրքում օգտագործելը։
«Պետրակովն ասաց, որ ակումբում մենք օգտագործում ենք Սևիկյանին որպես կենտրոնական հարձակվող: Տարօրինակ է, իհարկե, որ ազգային հավաքականի մարզիչը չի հետևում իր սանի հանդիպումներին ակումբում։ Այդժամ Պետրակովը կնկատեր, որ Էդգարը մեզ համար երբեք կենտրոնական հարձակվող չի խաղացել։ Այս դիրքի համար ունենք Զե Տուրբոն, Քութաթելաձեն, նախկինում խաղացել է Սուլեյմանովը։ Բայց Սևիկյանը հաստատ ոչ (ծիծաղում է):
Իսկ եթե լուրջ, Էդգարը խաղում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում։ Եվ միայն այն բանից հետո, երբ մենք նրա համար գտանք այս դիրքը խաղադաշտում, նա սկսեց օգտակար և արդյունավետ խաղ ցուցադրել և, ի դեպ, հրավերներ ստացավ Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներից։ Ի վերջո նա ընտրեց Հայաստանի հավաքականը, սա նրա իրավունքն է։ Բայց ես չեմ հասկանում նրա խոսքերը, որ ազգային հավաքականում ցանկացած խաղացող պետք է առավելագույնը տա։ Սա պարտադիր չէ՞ ակումբում։ Կարծում եմ, որ Էդգարը սխալ է արտահայտվել և այլ բան է նկատի ունեցել։ Սա վերագրենք հայերենից ռուսերեն թարգմանության դժվարություններին»,- Յուրանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։