Բեռլինի «Յունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է երկարաժամկետ զրկվել ֆուտբոլից, քանի որ իմացել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլիի՝ խաղադրույքներ կատարելու մասին, բայց այդ տեղեկությունը թաքցրել է Դաշնային դատախազությունից: Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Repubblica-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին պարզ է դարձել 22-ամյա ֆուտբոլիստի հեռախոսը զննելու արդյունքում: «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը կարող է վեց ամսով որակազրկվել: Այնուամենայնիվ, չկա որևէ ապացույց, որ Բոնուչին ինքն է խաղադրույքներ կատարել անօրինական հարթակներում։
Հիշեցնենք, որ իտալական օրենսդրության համաձայն՝ ցանկացած խաղացող, ով պարզում է, որ իր թիմակիցները խաղադրույք են կատարում, պարտավոր է այդ մասին հայտնել Դաշնային դատախազություն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ֆաջիոլին գործարքի մեջ է մտնելու հետաքննության հետ՝ երեք տարվա հնարավոր որակազրկումից խուսափելու համար։
























































