«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան խոսել է 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասին, որտեղ չի կարողացել հանդես գալ Վրաստանի երիտասարդական հավաքականում։
«Երիտասարդական թիմից ոչ ոք ինձանից վիրավորված չէ: Արդեն ասել էի, որ իմ մոտ գերհոգնածություն է։ «Նապոլիից» ոչ մի ճնշում չի եղել, բացի այդ, ես կարող էի խանգարել թիմին»,-ասել է Կվարացխելիան:
Առանց Կվարացխելիայի Վրաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց իր խմբում, որում պայքարում էին նաև Պորտուգալիան, Հոլանդիան և Բելգիան։ Քառորդ եզրափակիչում վրացիները 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին Իսրայելին (0:0, 3:4՝ 11 մետրանոց):
2022/2023 մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։