«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին կրկին պատմական ցուցանիշ է գրանցել կատալոնական թիմի կազմում:
Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղը Գավիի համար դարձել է 100-րդը կատալոնական թիմի կազմում: Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Գավին այս ցուցանիշին հասել է 19 տարեկան 28 օրական հասակում՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը 100 հանդիպում է անցկացրել։
Գավին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Կապտանռնագույնների հիմնական թիմի կազմում խաղացողն իր նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 29-ին՝ «Խետաֆեի» հետ Իսպանիայի առաջնության խաղում։ 18-ամյա կիսապաշտպանը կատալոնացիների հետ 2022/2023 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն և Իսպանիայի Սուպերգավաթակիր:
Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ Իսպանիայի հավաքականի խաղացողի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո, կատալոնացիների հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
























































