«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին կարող է փոխել ակումբային գրանցումը մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված են լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» և «Տոտենհեմը»: «Չելսին» առաջիկա ժամերին կքննարկեն իսպանացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունն իրենց թիմ։ «Տոտենհեմն» իր հերթին ընտրություն է կատարում Ֆատիի և «Նոթինգհեմի» կիսապաշտպան Բրենան Ջոնսոնի միջև:
2022/2023 մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ այլ կիսապաշտպանի՝ Աբդու Էզալզուլիի՝ «Բարսելոնայից» հեռանալու հնարավորության մասին։
























































