Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հեգնական թվիթ է հրապարակել այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը սկսեց զանգվածային կոչեր ստանալ՝ հրաժարական տալու համար:
Իրարանցումը տեղի է ունեցել կանանց աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակից հետո։ Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսն առանց համաձայնության համբուրել է իսպանացի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։
Կասիլյասը կոշտ տոնով թվիթ է հրապարակել. «Տեսնենք, թե ինչ ունենք այստեղ. ինչ-որ մեկը հրաժարական տվեց, թե ոչ: Ես շփոթված եմ… »։ Հրապարակումն ուղեկցվել է Pulp Fiction-ի հերոս Վինսենթ Վեգայի հայտնի կադրով, որին մարմնավորում է Ջոն Տրավոլտան։
Կասիլյասի ուղերձը լրացուցիչ ենթատեքստ է ստանում, եթե հիշենք, որ 2020 թվականի փետրվարին Իկերը առաջադրել էր իր թեկնածությունը Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի ընտրության համար։ Ամիսներ անց Կասիլյասը հանեց իր թեկնածությունը, քանի որ «ցանկանում էր արդար ու թափանցիկ ընտրական գործընթաց»: Արդյունքում Ռուբիալեսը վերընտրվեց որպես միակ թեկնածու։