Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է Հռոմի «Լացիոն» ակնկալում ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները լրջորեն են տրամադրված մոտ ապագայում տրանսֆերն իրականացնելու հարցում։ «Լացիոն» «Դինամոյին» առաջարկել է 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ Զախարյանի համար։ Մոսկվյան թիմը նաև կարող է հույս դնել կիսապաշտպանի հետագա վաճառքից ստանալիք տոկոսների վրա։
20-ամյա Զախարյանը «Դինամոյի» սան է: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մեկ հանդիպում է անցկացրել, որում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը»՝ կիսապաշտպանի համար առաջարկելով 8 միլիոն եվրո։























































