Այսօր՝ հուլիսի 21-ին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում միմյանց հետ մրցել են «Դինամոն» և «Կրասնոդարը»։ Հանդիպումը կայացել է Մոսկվայի Լև Յաշինի անվան կենտրոնական մարզադաշտում և ավարտվել է հյուրերի 3-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը խաղի 27-րդ րոպեին բացել է Ջոն Կորդոբան՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։ 35-րդ րոպեին Ալեքսանդր Չերնիկովը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 53-րդ րոպեին Ժոաու Բատչին խփել է իր թիմի երրորդ գնդակը։ 63-րդ րոպեին Ֆյոդոր Սմոլովը մեկ գնդակ ետ է բերել՝ 1-3։
Նշենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 90+1-րդ րոպեին։ Գեորգի Հարությունյանը հյուրերի պահեստայինների նստարանին է անցկացրել ամբողջ խաղը։ «Դինամոյի» կազմում ամբողջական հանդիպման է մասնակցել Արսեն Զախարյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարը» զբաղեցրել է վեցերորդ տեղը։ «Դինամոն» Ռուսաստանի առաջնությունն ավարտել է 9-րդ տեղում: Երկրի չեմպիոնությունը նվաճել է «Զենիթը»։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի հաջորդ հանդիպումը «Դինամոն» կանցկացնի հուլիսի 29-ին «Կռիլյա Սովետովի», իսկ «Կրասնոդարը» հուլիսի 30-ին՝ «Սոչիի» հետ։























































