«Ինտեր Մայամիի» նախագահ Խորխե Մասը հերքել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու շուրջ:
«Լուիսը ֆենոմենալ խաղացող է, նա լավ հարաբերություններ ունի Ժորդի Ալբայի, Սերխիո Բուսկետսի և Լիոնել Մեսսիի հետ։ Այնուամենայնիվ, նա «Գրեմիոյի» խաղացող է, և ես հարգում եմ նրա պայմանագիրը։ Շատ խոսակցություններ եղան, բայց մենք չենք բանակցում ո՛չ Լուիսի, ո՛չ նրա ակումբի հետ»,- Մասի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսը բանակցություններ է վարում «Գրեմիոյի» հետ պայմանագիրը խզելու շուրջ, քանի որ ցանկանում է «Ինտեր Մայամիում» խաղալ «Բարսելոնայում» իր նախկին թիմակիցների հետ։ Հարձակվողի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ավարտը։ Սուարեսը «Բարսելոնայում» խաղացել է 2014-ից 2020 թվականներին։























































