ՊՍԺ-ի մարզադաշտի դիմաց ուլտրասների բողոքի ցույցից հետո ակումբը որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները մարզադաշտի շրջակայքում, ինչպես նաև այն խաղացողների տներում, ովքեր դարձել են երկրպագուների կողմից բռնությունների զոհ: Դրանց թվում են հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Նեյմարը, ինչպես նաև կիսապաշտպան Մարկո Վերատին, հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով AFP-ին:
Նախկինում փարիզցիների երկրպագուները բողոքի ցույց էին կազմակերպել ակումբի ղեկավարության շտաբի դիմաց՝ պահանջելով փոփոխություններ կատարել թիմում։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի, գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հասցեին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրից հետո ՊՍԺ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ վաստակելով 75 միավոր։ Ամենամոտ հետապնդողը` Մարսելը, հետ է մնում հինգ միավորով:
























































