Իտալիայի հավաքականի մարզչական շտաբն աշխատում է Վելես Սարսֆիլդի 17-ամյա խաղացող Ջանլուկա Պրեստիաննիի համար իտալական անձնագիր ձեռք բերելու ուղղությամբ, որպեսզի արգենտինացի հարձակվողը հետագայում հանդես գա իրենց հավաքականում: Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Պրեստիաննին 16 տարեկան հասակում Վելես Սարսֆիլդի կազմում իր նորամուտը արել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում: Չնայած այն հանգամանքին, որ խաղացողը առաջնությունում ընդամենը ինը հանդիպում է անցկացրել, նա գրավել է Եվրոպայի մի քանի խոշոր ակումբների ուշադրությունը: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» և «Ռեալը» հետևում են ֆուտբոլիստին:
Պրեստիաննին իտալական ծագում ունի և կարող է միջազգային մակարդակով ներկայացնել Իտալիան, եթե անձնագիր ստանա: Հաղորդվում է, որ Իտալիայի ֆեդերացիան աշխատում է այդ հարցով, և եթե ամեն ինչ հարթ ընթանա, Պրեստիաննին կարող է փաստաթուղթը ստանալ մեկ ամսվա ընթացքում:
























































