«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուգրեն Կլոպը հայտնել է, որ թիմի հարձակվող Դարվին Նունյեսը, որը վնասվածք էր ստացել, կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղին։
«Չեմ կարծում, որ պետք է հիշել Փարիզի եզրափակիչը, որպեսզի առաջիկա խաղն առանձնահատուկ լինի: Մենք պարտվեցինք այդ եզրափակիչում, բայց սպորտի լավն այն է, որ այժմ հնարավորություն ունենք կատարելագործվելու։ Նունյե՞սը։ Հնարավորություն կա, որ նա կխաղա։ Տեսնենք, թե նա ինչպես կդիմանա ցավին, հետո որոշում կկայացնենք»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս մրցաշրջանում 23-ամյա ուրուգվայցին անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլ» — «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա վաղը, Լիվերպուլում, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին՝ Մադրիդում։
























































