Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով՝ իր խոսքում նշելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավորությունների սահմաններում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացումը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով 10 լավագույն մարզիկներին, հանձնել է մրցանակները։ Իր խոսքում նախագահը մասնավորապես ասել է.
«Մեծ հպարտություն եմ զգում, որ մենք կարողացել ենք ձեր շնորհիվ այս ծանր տարվա ընթացքում իսկապես գլուխներս բարձր և մեջքներս ուղիղ կանգնել՝ հպարտանալով ձեր հաջողություններով։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ աշխարհի տարբեր անկյուններում մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր եք պահել»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն, ամփոփելով մարզական տարին, ներկայացրել է տարվա ընթացքում հայ մարզիկների նշանակալի նվաճումները, ինչպես նաև անդրադարձել հաջորդ տարվա ընթացքում սպորտի զարգացմանը միտված պետական միջոցառումներին, մարզադպրոցների կառուցման և վերակառուցման ծրագրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ լավագույնների ընտրությունը կայացել է դեկտեմբերի 21-ին ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
2022 թվականին Հանրապետության 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել՝ Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն), Մալխաս Ամոյանը (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Սամվել Գասպարյանը (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն), Արսեն Հարությունյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն), Անի Հովսեփյանը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Հարություն Մերդինյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) և Լիլիթ Մկրտչյանը (հրաձգություն, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ):
Հանրապետության նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արթուր Դավթյանին պարգևատրել է Առաջին աստիճանի մեդալով:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: