«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով երևանյան թիմի՝ եվրագավաթային մրցաշարերում ելույթներին․
«Ահա և ավարտվեցին Եվրագավաթների որակավորման փուլերը: «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ: Այդ ճանապարհին թիմը դրամատիկ դիմակայություններում հաղթեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժին» և Լյուքսեմբուրգի չեմպիոնին «Դյուդելանժին»: Երկու դեպքում էլ մեր թիմը պարտվում էր խաղի ընթացքում, բայց բնավորության ու ինքնանվիրումի շնորհիվ հասավ ցանկալի արդյունքի:
Փլեյ-օֆֆ փուլում ևս «Փյունիկը» շատ արժանի տեսք ուներ ու Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ հավասար դիմակայությունում զիջեց միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Այս խաղարկությունը միանշանակ մտնելու է «Փյունիկի» ու ամբողջ հայկական ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ մեզ հաջողվեց անել ամենակարևորը՝ ստեղծել միասնական, մարտունակ թիմ, որը Եվրոպական ֆուտբոլային խաղադաշտերում պատրաստ է պայքարել ամենաբարձր նպատակների համար:
Տաղանդավոր մարզչի՝ Եղիշե Մելիքյանի ու նրա մարզչական շտաբի գլխավորությամբ թիմն ապացուցեց, որ պատրաստ է ցանկացած իրավիճակում պայքարել մինչև հաղթական ավարտ և հաղթել ավելի անվանի և փորձառու մրցակիցների՝ կամքի, լիարժեք կենտրոնացման ու չկոտրվող բնավորության հաշվին:
Այս խաղերում ծնվեց ու կոփվեց իսկապես մարտունակ թիմ՝ ուժեղ ոգով ու իր աշխատանքի հանդեպ բարձր պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Ես երջանիկ եմ, որ այս հիանալի թիմի մի մասն եմ: Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, բայց ես վստահ եմ, որ շարունակելու ենք մեր զարգացումը ու մեկ անգամ չէ, որ մեր երկրպագուներին ուրախացնելու ենք լավ խաղով ու փայլուն հաղթանակներով:
Սպասում ենք խմբային փուլի խաղերի մեկնարկին՝ սեպեմբերի 8-ին: Առաջադրանքները նույնն են, ինչ նախկինում՝ լիարժեք ինքնանվիրում և հաղթանակ յուրաքանչյուր խաղում: Շատ շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ են: Միասին մենք շատ ավելին կարող ենք», — գրել է Սողոմոնյանը և տեղադրել այս լուսանկարները։


Հիշեցնենք՝ երևանյան թիմը պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որտե կմրցի «Բազելի», «Ժալգիրիսի» և «Սլովանի» հետ։
























































