ՊՍԺ-ի նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի 1/8 եզրափակիչում «Ռեալից» կրած պարտության մասին։
Առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ պատասխան խաղում 3։1 հաշվով առավելության էր հասել «Ռեալը», որի կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Կարիմ Բենզեման։
— Նայելով ՉԼ-ի վերջին խաղարկություններին, «Ռեալի» բոլոր մրցակիցներին հոգեբան է անհրաժեշտ։ Ես կարծում եմ, որ ֆուտբոլում լինում են իրավիճակներ, որոնք պարզապես ստացվում են։ Դրանք հնարավոր չէ կառավարել։ Իմ կարծիքով՝ Բեզեման առաջին գոլի դրվագում խախտել էր կանոնները Դոնարումայի հետ պայքարում։ Եթե VAR-ի մրցավարները դիտեին կրկնապատկերը, ապա հիմա մենք կխոսեինք «Ռեալի»՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին։ Բայց այդ գոլը «Ռեալին» վստահություն հաղորդեց։ Տրամաբանական է, որ մենք ինչ-որ տեղ սխալներ թույլ տվեցինք, բայց դա ֆուտբոլ է։ Պետք չէ դուրս գալ ֆուտբոլային վերլուծության շրջանակներից»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել Infobae-ն։