Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։ Նախ, պետք է ընդգծել, որ սա պատմական հաղթանակ էր հայկական ֆուտբոլի համար, քանի որ Եղիշե Մելիքյանի սաներն առաջինն են, որ խաղալու են ՉԼ երրորդ որակավորման փուլում։
Խաղի 21-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, բայց մեր թիմից 3 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար և սկսվեց գոլային հրավառությունը։ Այսպիսով, պատասխան խաղում «Փյունիկի» կազմում աչքի ընկան Ժունինյոն (24′), Յուսուֆ Օտուբանջոն(76′) և Լուկա Յուրիչիչը (54′, 85′), որը դարձավ դուբլի հեղինակ։
Հատկապես ուրախացնող էր Օտուբանջոյի գոլը, որի մոտ ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այսօր առաջին կեսում եզրափակիչ հարվածներն այնքան էլ հաջող չէին, բայց Մելիքյանը մինչև վերջ վստահեց ֆուտբոլիստին, որն էլ մարզչին փոխհատուցեց գոլով։
Հարկ է ընդգծել, որ այս հաղթանակով մեր չեմպիոնն ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում իր մասնակցությունը։
Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլում «Փյունիկը» կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2/3, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։
























































