Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Իր որոշման մասին 27-ամյա գեղասահորդը հայտարարել է այսօր՝ Տոկիոյում կայացած հատուկ ասուլիսում։
Հանյուն տղամարդկանց մենասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն է, նա հաղթել է Սոչի-2014-ում և Փհենչհան-2018-ում, 4-րդ տեղն է զբաղեցրել Պեկինի խաղերում։
Ճապոնացին երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում, ընդհանուր առմամբ նա ունի 7 աշխարհի գավաթի մեդալ (2-3-2)։ Նա 2020 թվականի չորս մայրցամաքների և 2017 թվականի Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն է, չորս անգամ հաղթել է Գրան Պրիի եզրափակիչում և վեց անգամ դարձել Ճապոնիայի չեմպիոն։
Իր կարիերայի ընթացքում տղամարդկանց գեղասահքում Հանյուն ամենաշատ համաշխարհային ռեկորդներն է սահմանել (19)։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Հանյուն այժմ ցանկանում է սեփական սառցե շոու կազմակերպել։