Չեմպիոնների լիգայի 2-րդ որակավորման փուլում «Փյունիկը» կմրցի «Ֆ91 Դյուդելանժի» հետ։ Քանի որ մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկված է, նախախաղային ասուլիսին ներկայացել է նրա օգնական Ռոման Մոնարյովը․
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին նախորդ խաղի աջակցության համար։ Շատ լուրջ ենք պատրաստվել այս խաղին, ունենալու ենք թե՛ պարտադրված, թե՛ տակտիկական փոփոխություններ։
Մրցակցին չենք թերագնահատում։ Նրանք լուրջ մրցակից են։ Եվրոպական մրցասպարեզում՝ փորձառու։ Որոշ տակտիկական մոտեցումներ ենք մտածել նրանց դեմ, վաղը կտեսնեք։
Մենք տարբերություն չենք դնում հարձակվողի, պաշտպանի, կիսապաշտպանի միջև, գոլի հեղինակ է դառնում մեր ֆուտբոլիստը։ Կարող եմ միայն հավելել, որ վաղվա խաղում մեր հարձակվողներից նույնպես գոլեր ենք ակնկալում։
Դյուդելանժը կազմակերպված թիմ է, որի դեմ խաղալը դժվար կլինի։ Կարծում եմ՝ այս խաղում ֆավորիտ չկա»։
























































