Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գոհ չէ այն խաղաժամանակից, որ ստանում է Թոմաս Տուխելի գլխավորությամբ և կարող է դիտարկել թիմից հեռանալու տարբերակը: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 28-ամյա բելգիացու տրանսֆերը կարող է դիտարկել իտալական «Միլանը»: Հաղորդվում էր նաև, որ Լուկակուն կարող է վերադառնալ «Ինտեր»: Սակայն Լուկակուն նախընտրում է մնալ «Չելսիում», բայց ցանկանում է վայելել մարզչական շտաբի վստահությունը:
Լուկակուն 2021 թվականից է հանդես գալիս «Չելսիի» կազմում, ուր տեղափոխվել էր «Ինտերից» 113 մլն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: