Ուկրաինայի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի պատճառով Ռուսաստանը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչն անցկացնելու իրավունքից: ESPN-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն արդեն եվրոպական մի քանի մարզադաշտ է դիտարկում՝ որպես Սանկտ-Պետերբուրգին փոխարինող:
Նման առաջարկով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Լիզ Տրասը և անգլիական ակումբներին կոչ արել բոյկոտել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
Դեռևս, սակայն, պաշտոնական հաղորդագրություն այս առումով չի արվել: Նշվում է՝ ՈՒԵՖԱ-ն դիտարկվում է Հռոմի, Մյունխենի, Փարիզի, Ամստերդամի և Բարսելոնայի մարզադաշտերը:
Հաղորդվում է՝ ՈՒԵՖԱ-ն մտադիր է համագործակցել Եվրամիության հետ և կիրառել այն պատժամիջոցները, որոնք կսահմանվեն Ռուսաստանի համար՝ ռազմական ներխուժման համար:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ՉԼ եզրափակիչը տեղափոխել Լոնդոն այն բանից հետո, ինչ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը:
Այդուհանդերձ, նշվում է, որ կազմակերպությունը չի դիտարկում եզրափակիչ խաղը «Ուեմբլիում» անցկացնելու տարբերակը, քանի որ այդ ժամկետում մարզադաշտում նախատեսված են անգլիական մրցաշարերի մի քանի վճռորոշ խաղեր: Բացի դա, Ուեմբլիում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հիշեցնենք՝ ՉԼ 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը նախատեսված է անցկացնել մայիսի 28-ին Սանկտ-Պետերբուրգում: