Պորտուգալական «Բելենենսեշ» ակումբի 13 ֆուտբոլիստներ վարակվել են «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով, հայտնում է Պորտուգալիայի Առողջապահության ազգային ինստիտուտը։ Սա նոր շտամով վարակվելու առաջին դեպքն է Պորտուգալիայում։
«Օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ Սա կորոնավիրուսի ևս մեկ մուտացիայի տեսակ է, որը նույնիսկ ավելի վարակիչ է, քան նախորդները։ Առայժմ նոր վիրուսի մասին շատ բան հայտնի չէ։
Ավելի վաղ «Բելենենսեսը» ստիպված էր եղել 12-րդ տուրի «Բենֆիկայի» հետ հանդիպմանը ներկայանալ ոչ ամբողջական կազմով․թիմը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել էր հետաձգել հանդիպումը, սակայն մերժում է ստացել։ Արդյունքում տանտերերի մեկնարկային կազմում ընդամենը ինը խաղացող կար։
Առաջին խաղակեսում «Բենֆիկան» յոթ անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսում թիմը խաղադաշտ դուրս եկավ յոթ խաղացողներով։ Երկրորդ խաղակեսի մեկնարկային սուլիչից անմիջապես հետո տանտերերի ֆուտբոլիստը վնասվածք ստացավ, իսկ մրցավարը ժամանակից շուտ դադարեցրեց այս հանդիպումը։























































