Իսպանացի նախկին ֆուտբոլիստ Չավին, որը մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Բարսելոնան», արդեն կատալոնական ակումբի ղեկավարությանը պատմել է այն խաղացողների մասին, որոնց ցանկանում է տեսնել իր թիմում։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, մասնագետը կատալոնական ակումբում է ցանկանում տեսնել Էրլինգ Հոլանդին գերմանական «Բորուսիա Դորտմունդից», Պոլ Պոգբային՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» և Դանի Օլմոյին «ՌԲ Լայպցիգից»։
Պոգբայի և Հոլանդի շահերը ներկայացնում է գործակալ Մինո Ռայոլան, որը լավ հարաբերությունների մեջ է իսպանական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Սա կարող է դրական ազդեցություն ունենալ բանակցությունների ընթացքի վրա։
Հոլանդը Չավի և Լապորտայի համար գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Հաջորդ ամառ նորվեգացի հարձակվողին կարող են ձեռք բերել 75 մլն եվրոյի դիմաց։
























































